ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Արմեն Մարտիրոսյան-80

Արմեն Մարտիրոսյան-80
30.04.2023 | 20:04

Տիեզերական բարձրությունից դու ժպտում ես Արմեն, ապրողանցս երկրի վրա, որտեղ չկա քո սիրած աշունը, չկա մահ, անսերություն, մութի հանդերձներ, ուր բարության աշխարհ է, լույսի թագավորություն։

Հիմա չգիտեմ երանելին դու՞ ես իմ բոհեմիկ ընկեր, թե՞ երկրայիններս, երբ մեր աչքերը հիշատակների ծխացող խնկամաններ դարձան , թռիչքի թևերը ծալվեցին օդում ճախրանքի պահին,

օրը եղավ հույսի դատարկ , կավե բաժակ, չլցվեց, երբ հոգին պոետաբար արբենալ էր ուզում։

Մեր երազների գերեզմանափորի բահը միշտ իր ձեռքին մնաց, մերթ հողին նայելով, մերթ երկնքին, թաղում էր իմ ու քո ծիածանոտ գույները, առանց մեղա ասելու։

Ծննդյանդ օրն է Արմեն, ես չգիտեմ ինչպե՞ս գտնել խճճված օրերիս թելածայրը, որ այն կծիկ դառնա։

Բայց չէ,գուցե և ճիշտը սա է...

Թող ապրվածս որպես խճճված քարտեզը մնա, իր հանգույցներով լի, տեղ տեղ գունատվող, բայց իրական։ Այնտեղ են ծավալվում կանաչ օրերիս դաշտավայրերը, իմ սիրո քամիները, մութը, լույսը, ցավի և ուրախության իրենց անջնջելի անուններով ։

Քո օրն է, Արմե'ն։

Դու միշտ խոսում էիր երկրորդ կյանքի լինելիության մասին, ասում էիր`կա, բայց չէ, լինում է և երրորդը։

Մեկը քոնն է, մյուսը` երկնքինը, հաջորդը տրվում է յուրատիպներին, աստղակիրներին, ընտրյալներին, ետմահու , որպես արժևորման ու չմեռնողի կնիք ու վկայական։

Դու վաստակեցիր վերջինն էլ, բայց ժանանակը դեռ չի վերադասավորվել այնպես, որ այն երևա քեզ վայել, արմենյան բարձրադիրից։

Ծննդյանդ օրն է, անբացակա իմ ընկեր, թույլ տուր կենացդ զնգա նորից ու միշտ իմ ներսում, որտեղ մեր բաժակները մշտապես հանդիպում են սրտերի դառած, զրնգում են, լցվում կարոտների գինով , ապրիլյան անձրևներով, հավատացնելով, որ մահը պարզապես կարճ ընդմիջում է` նոր հանդիպման համար, ճամփա է, մինչև բաժանարար վարագույրը ետ գնա, դառնա միանման ոգիների անավարտ հանդիպում։

Ծնունդդ շնորհավոր, Արմեն Մարտիրոսյան։

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4850

Մեկնաբանություններ